You are viewing [info]ara_aramyan's journal

September 2011

S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com

Previous 10

Sep. 21st, 2011

Միլիոնատերերը և նրանց սովորությունները: Ովքե՞ր են նրանք:

Երկու րոպեն մեկ աշխարհի միլիոնատերերի թիվը երեքով ավելանում է: Օրինակ Ռուսաստանում միլիոնատերերի թիվը մեկով ավելանում է ամեն կես ժամում: Ինչո՞վ են նրանք՝ այդ մեծահարուստները, տարբերվում նրանցից, ովքեր դեռևս միայն երազում են հարստանալ:

Անկեղծորեն ասած՝ ոչնչով: Սովորական մարդիկ են: Ավելի լավը կամ վատը չեն նրանցից, որոնց մենք փողոցներում սովորաբար հանդիպում ենք:

Կարո՞ղ է նրանք մեկնարկային ավելի լավ հնարավորություններ ունեին: Ոչ, նրանցից շատերը իրենց նախնական կապիտալը ստեղծել են ոչ թե շնորհիվ ինչ որ հանգամանքների, այլ, այսպես ասած, հակառակ դրանց: Կարո՞ղ է նրանք ոչնչից չեն վախենում: Նորից ոչ, կորստի և անհաջողության վախը նրանց այցելում է ոչ պակաս, քան մյուս բոլոր մարդկանց: Ստացվում է, նրանց բախտը բերե՞լ է: Ռոմանտիկ վարկած է իհարկե, բայց պիտի հիասթափեցնեմ՝ նորից ու նորից ոչ: Չէ որ նրանցից շատերը մի քանի անգամ սնանկացել ու խոշոր պարտքերի մեջ էին հայտնվել, նախքան ոտքի կանգնելն ու հարստանալը: Ընդհանուր առմամբ, նրանք այնպիսին են, ինչպիսին մենք բոլորս ենք՝ համեստ ու ինքնահավան, քաղաքավարի ու կոպիտ, հանգիստ ու դյուրաբորբոք, ցանկալի ու ոչ այնքան:

Իմ կարծիքով, տարբերությունները պետք է փնտրել ոչ թե մեկնարկային հնարավորություններում, բնավորության առանձնահատուկ գծերում կամ բախտի գործոնում, այլ պարզ, էլեմենտար սովորություններում: Երկու-երեք օգտակար հմտություններ նրանց մոտ, ովքեր հարստացել են, և նույնքան ոչ էֆեկտիվ հատկանիշներ նրանց մոտ, ովքեր չեն կարողանում դուրս գալ աղքատության ճիրաններից:

Առաջին սովորությունը, որ պետք է անպայման շեշտվի, դա երազելու սովորությունն է: Այո, այո հենց երազելը: Իհարկե առաջին հայացքից նրանց երազող չես անվանի. լուրջ կոստյումներ, մեքենաներ և այլ ատրիբուտներ: Բայց ամեն անգամ, երբ նրանց մոտ ազատ ժամանակ է հայտնվում, նրանք մտածում են (երբեմն բարձրաձայն) այն մասին, թե ինչ են ուզում իրենց կյանքից: Կարելի է ասել, որ երազելով նրանք կենտրոնանում են իրենց նպատակների վրա:

Բոլոր նրանք, ովքեր երազում են հարստանալ, պետք է հիշեն. երևակայությունը՝ դա կյանքի սպասվելիք իրադարձությունների նախնական դիտումն է. ճիշտ այդպես է ժամանակին ասել Ալբերտ Էյնշտեյնը: Դրանից առաջ էլ Բուդդան էր ասել՝ այն ամենը, ինչ մենք ունենք, մեր մտքերի արդյունքն է: Ցավոք, մեզանից շատերը դադարել են երազել, սովորություն են դարձրել առավոտյան արթնանալ ու մտածել այն մասին, թե ինչպես չուշանալ աշխատանքից, իսկ գալով աշխատավայր, խորհրդածել այն մասին, թե ինչպես արագ-արագ կեսօրին ճաշել, ընթացիկ գործերից գլուխ հանել, հնարավորինս շուտ գնալ տուն, ընթրել, բազմոցին հորիզանական դիրք գրավել ու հեռուստացույց նայել (դե առանց դրա ինչպե՞ս կարելի է): Եվ կյանքը վերջիներիս տալիս է այն, ինչի մասին մտածում ու ինչի մասին հոգում են՝ վարձու աշխատանք, համեստ տրանսպորտային միջոց, ճաշ, ընթրիք, բազմոց և իհարկե հեռուստացույց: Բայց ոչ ավելին:
Շարունակությունը կարդացեք այստեղ...

Circle.Am

Aug. 28th, 2011

Ամենալավ լուրը

Հոյակապ պատմություն, որ կարող է օգնել կյանքի ամեն մի իրադրությունում:

Տեղի ունեցավ գոլֆի խոշոր մի մրցաշար: Հաղթողը ստացավ ահռելի դրամական մրցանակ: Երջանիկ այդ մարդը մրցաշարի ավարտին նվիրված բանկետի ավարտից հետո պատրաստվում էր վերադառնալ տուն: Բայց չհասած իր նոր “Aston Martin”-ի մոտ նրան մոտեցավ մի կին և խնդրեց մի քիչ փող տալ իրեն շահած գումարից: Նա այնքան դժբախտ տեսք ուներ, որ տղամարդը կանգնեց և խնդրեց պատմել, թե ինչ է պատահել: Այդպես նա լսեց կնոջ ողջ պատմությունը:

Պարզվում է, նրա մանկահասակ որդին ծանր հիվանդ է: Նրան պահանջվում էր բարդ և թանկարժեք վիրահատություն, ամուսինը մի քանի տարի առաջ մահացել էր, իսկ ինքն ընդհանրապես փող չուներ, հազիվ էր կարողանում իրեն ու երեխային կերակրել:

Գոլֆիստին մինչև հոգու խորքը ցնցեց այդ պատմությունը և նա դրամական մրցանակը մինչև վերջին ցենտը տվեց այդ կնոջը՝ երեխայի վիրահատությունը և հետագա բուժումը կազմակերպելու համար:

Մի քանի օրից հետո նա նորից եկավ գոլֆ-ակումբ: Եվ պատմեց իր ընկերներին դժբախտ կնոջ հետ հանդիպման մասին: Ընկերները քմծիծաղով իրար նայեցին.

-Օօօ, շատ ափսոս,- խոսեցին նրանք միաժամանակ,- դու միամտորեն ընկար այդ խաբեբա կնոջ թակարդը, նրա խորամանկության զոհը դարձար: Նա ամեն ինչ հնարել է, որպեսզի տիրի քո փողերին: Ցավոք, շատերի հետ է նման խաղեր խաղացել: Ներիր, մեզ համար շատ տհաճ է քեզ այդ ամենը ասելը, բայց պարտավոր ենք դա անել, քանի որ ընկերներ ենք:
Շարունակությունը կարդացեք այստեղ...

Circle.Am

Ես գարշանք եմ զգում… (կամ կոչ մարդ արարածին)

...Ես գարշանք եմ զգում, երբ մարդիկ երիցս խաչակնքվում են եկեղեցի մտնելուց կամ աղոթքի ժամանակ, իսկ օրվա մնացած բոլոր ժամերին հմտանում են ատելության, ագահության, անարդարության մեջ... Արարքներն իրենց ժամն ունեն, աստված՝ իրենը, մարդիկ այսպես տեղը տեղին հերթագայում ու հավասարակշռում են մեկը մյուսով:

Ով մարդ արարած, ո՞վ ես դու, ու՞ր ես գնում, ընդհանրապես դու գնու՞մ, թե՞ տեղում դոփում ես...

Դու իսկակա՞ն ես, թե՞ լոկ դերասան: Ներկայացուցի՞չ, թե՞ հենց ներկայացվողը: Ի վերջո դու, միգուցե, պարզապես կեղծ դերասա՞ն ես... (Ֆրիդրիխ Նիցշե՝ խղճի երկրորդ հարցը)

Դու նրանից ես, ով դիտու՞մ է, թե՞ նա, ով մասնակցում է,- թե նա ով երեսը շուռ է տալիս ու մի կողմ քաշվում... (Ֆրիդրիխ Նիցշե` խղճի երրորդ հարցը)

Դու ուզում ես ուղեկցե՞լ, թե՞ առաջնորդել, թե՞ գնալ ինքդ քեզ համար... (Ֆրիդրիխ Նիցշե՝ խղճի չորրորդ հարցը)

Դու այս հարցերին պատասխան ունե՞ս: Ո՞չ: Այդպես էլ գիտեի... Ափսոս:

Զննեք ինքներդ ձեզ, ճանաչեք ձեզ, գոհացեք ինքներդ ձեզնով, դրսում վատնվող ձեր խելքն ու կամքը վերջապես ուղղեք դեպի ձեզ. դուք քամվում եք, դուք ցրում եք ձեզ. ներփակվեք, կենտրոնացեք ձեր մեջ, ձեզ մատնում են, ձեզ խոտորում են, ձեզ կողոպտում են ձեզնից... Ով մարդ, քեզնից զատ, դա ասում է աստված, ամեն էակ նախապես ինքն իրեն է ճանաչում և սեփական պետքերի համար հաստատում յուր գործերի ու իղձերի սահմանները: Եվ չկա որևէ էակ, որ լիներ այսքան կատարյալ ու կարոտյալ, որքան դու, ով մարդ, որ ծարավի ես հանուր Տիեզերքը գրկելու: Դու անգետ հետազոտող ես, անիրավ հրամայող և, ի վերջո, ընդամենը զավեշտախաղի խեղկատակ ես..


Նյութը վերցված է MyWay.am բլոգից:

Circle.Am

Aug. 13th, 2011

Թոփ-10 երիտասարդ ու տաղանդավոր բիզնես-լիդերները

CEO (Chief Executive Officer) ամսագիրը հրապարակել է ժամանակակից աշխարհի երիտասարդ ու տաղանդավոր բիզնես-առաջնորդների թոփ տասնյակը: Դրանում ընդգրկվել են երիտասարդ մարդիկ, ովքեր ստեղծել են իրենց բիզնես-կայսրությունները մինչև 30 տարեկան դառնալը: Ինչպես նկատում է հեղինակավոր Financial Times-ը, փաստորեն «երիտտասնյակի» բոլոր անդամները հասել են հաջողության Ինտերնետի և բարձրագույն տեխնոլոգիաների օգնությամբ: Եվ այսպես, ահա այդ երիտասարդ բիզնեսմենների անուները.

Մեթ Մուլենվեգ, ԱՄՆ, 27 տարեկան

Նրա WordPress շարժիչի վրա աշխատում են բլոգերներ ողջ աշխարհից, ընդ որում դա անում են անվճար (եթե ուշադրություն եք դարձրել, ահա այս տողերը և MyWay.am բլոգը նույնպես «ծնվել են» WordPress-ի վրա): Նրա Automattic ընկերությունը արտադրում է նոր «սոֆթ», իսկ ինքը՝ Մեթը, վարում է սեփական բլոգը և ջազ է նվագում սակսաֆոնի վրա:

Մարկ Ցուկերբերգ, ԱՄՆ, 27 տարեկան

Facebook էլեկտրոնային գրքի ստեղծողը խելացիորեն է «լուծել» լույսի արագությամբ ավելացող տրաֆիքի խնդիրը և դարձել է պատմության մեջ ամենից երիտասարդ միլիարդատերը:

Էշլի Կուոլզ, ԱՄՆ, 18 տարեկան

15 տարեկանում ստեղծելով աղջկական whateverlife.com կայքը՝ Էշլին գրավեց այնպիսի աուդիտորիա, որի մասին նույնիսկ երազել չէին կարող շատ աշխարհահռչակ ամսագրեր: Գովազդից ստացվող եկամուտներն համապատասխանող են:

Սուխաս Գոպինատ, Հնդկաստան, 26 տարեկան

14 տարեկանում հիմնադրելով վեբ-լուծումների Globals Inc. ընկերությունը և հայտնվելով Գիննեսի ռեկորդների գրքում՝ նա ներկայումս ղեկավարում է 600 հոգանոց անձնակազմ և 11 երկրներում սփռված գրասենյակներ: Անձամբ աշխատում է Բանգալոր քաղաքում:

Չադ Խերլի, ԱՄՆ, 33 տարեկան

Եվս մի «հարազատ» բիզնես-առաջնորդ: YouTube տնային վիդեոյի գլոբալ ինտեգրատորը հայտնվել է ընդամենը 5 տարի առաջ, իսկ թվում է, թե եղել է միշտ: Չադ Խերլին իր YouTube-ը վաճառել է Google-ին 1,65 միլիարդ դոլարով, բայց այդպես էլ մնացել է նրա CEO-ն:
Շարունակությունը կարդացեք այստեղ...

Circle.Am

Aug. 10th, 2011

I have a dream - 2

Ես երազանք ունեմ..

Ես երազում եմ, որ ուսուցիչները չսովորեցնեն, այլ ոգևորեն:

Ես երազում եմ, որ աշակերտները չսերտեն, այլ կասկածել սովորեն:

Ես երազում եմ, որ մենք ունենանք ոչ թե բազմաթիվ օրենսդիրներ, այլ՝ բոլորի համար հավասար օրենքներ:

Ես երազում եմ, որ մենք ունենանք ոչ թե հազարավոր տնտեսագետներ, այլ՝ մեկ հզոր տնտեսություն:

Ես երազում եմ, որ դատարանները դատեն անկախ, այլ ոչ թե անկախներին:

Ես երազում եմ, որ մեր երեխաները կարդան Պարույր Սեւակ, այլ ոչ թե ստատուսներ:

Ես երազում եմ, որ անկեղծությունն ու միամտությունը հոմանիշներ չլինեն:

Ես երազում եմ, որ հայրենիքն ու պետությունը հականիշներ չդառնան:

Ես երազում եմ, որ մեր երեխաները ապրեն բարեկեցիկ, այլ ոչ թե դեմոկրատական պետությունում:

Ես երազում եմ, որ մեր երեխաները իմանան՝ Արամեն բոյով տղա է, իսկ Արթուր Մեսչյանը՝ ԵՐԳԻՉ:

Ես երազում եմ, որ մենք բացենք մեր սիրտը, այլ ոչ թե «օդնոկլասնիկ»-ի փակ պրոֆիլները:

Ես երազում եմ, որ «հայրենիք» բառը մտաբերենք ոչ միայն ամբոխի առաջ ճառ արտասանելուց:

Ես երազում եմ, որ հեղափոխություններ չունենանք, այլապես կունենանք «գլխատված» հեղափոխականներ (անկախ նրանից հեղափոխությունը կհաղթի, թե ոչ):

Ես երազում եմ, որ մեր ռեժիսորները սերիալ չնկարեն, մարդիկ՝ չնայեն, իսկ Լյումյեր եղբարները այն աշխարհից մեզ չանիծեն իրենց զավակին «բռնաբարելու» համար:
Շարունակությունը կարդացեք այստեղ...

Circle.Am

Նապոլեոն Բոնապարտը դաժան դիկտատո՞ր

Մի անգամ Նապոլեոնը պահակակետերը ստուգելու ժամանակ հայտնաբերում է մի ժամապահի, ով դիրքում քնել էր: Կանոնադրությամբ և ռազմական դրության օրենքներով ժամապահը պետք է կանգներ դատարանի առջև, որից հետո գնդակահարվեր, քանի որ խղճմտանք չկա այն զինվորի հանդեպ, ով անամոթաբար քնելով դիրքում, դրանով իսկ իր ընկերների կյանքը վտանգի տակ է դնում: Ինչպե՞ս վարվեց Նապոլեոնը: Հրամայեց իսկույն ձերբակալե՞լ, տեղում դատ ու դատաստա՞ն տեսավ...

Նա ընդունեց անսպասելի որոշում. բարձրացնելով քնած ժամապահի գետնին ընկած հրացանը, այն գցեց ուսին և զբաղեցրեց հոգնած զինվորի կողմից թողնված դիրքը: Որոշ ժամանակ անց հերթափոխի համար ներկայացած սերժանտը տեսավ, որ ժամապահը քնած է, իսկ կայսրը աչալուրջ կանգնած դիրքում:

Նապոլեոնը որպես իմաստուն առաջնորդ հասկանում էր, որ «փոքրիկ կապրալի» մասին պատմությունը, ով կանգնել է ժամապահի կողմից թողնված դիրքում՝ փոխանակ վերջինիս գնդակահարելու համար պատժիչ ջոկատ կանչելու, մի քանի ժամից կայծակնային արագությամբ կտարածվի զորքով, իսկ մինչև հաջորդ առավոտ՝ ողջ Ֆրանսիայով: Միթե՞ զինվորը կվարանի իր կյանքը վտանգի տակ դնել՝ այդպիսի հրամանատարի հետ մարտի գնալուց, և միթե շարքային ֆրանսիացին կվարանի ապրել մի երկրում, որին նման առաջնորդ է ղեկավարում:

Դուք կասեք հիմարությու՞ն է: Հիմարություն է դա, թե չէ, բայց դա գործում է: Շատ դեպքերում մեծահոգությունը վճռում է գործի հաջող ելքը և խելացի ղեկավարը պետք է դա մշտապես հաշվի առնի՝ նախքան ամեն մի զանցանքի համար «գնդակահարել» հրաման տալը:

Առյուծի կողմից ղեկավարվող ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի կողմից ղեկավարվող առյուծների բանակը:

Նապոլեոն Բոնապարտ
Նյութը վերցված է MyWay.am բլոգից:

Circle.Am

Aug. 4th, 2011

Ծնողական սիրո մասին

«…Ես դատապարտում եմ ամեն տեսակի բռնություն՝ մատաղ հոգու դաստիարակության գործում, ում աճեցնում են պատվի ու ազատության հանդեպ հարգանքով: Խստության ու հարկադրանքի մեջ ինչ-որ ստրկական բան կա, և ես գտնում եմ, որ այն, ինչ չի կարելի անել բանականության, շրջահայեցության ու խելամտության զորությամբ, ոչ մի կերպ չի կարելի ուժով անել:

…Այս տեսակետից տղաների հետ ես խորհուրդ կտայի լինել հատկապես զուսպ, քանզի նրանք ստեղծված են պակաս չափով ենթակա լինելու և դրա համար էլ ես կձգտեի նրանց մեջ զարգացնել ուղղամտության ու անմիջականության հակում: Այնինչ, խարազանից ես այլ արդյունք չեմ տեսնում, բացի այն, որ երեխաները դրանից դառնում են ավելի երկչոտ, խորամանկ, կամակոր:

Հայրերի կողմից անխոհեմ ու անհեթեթ բան է նաև իրենց չափահաս երեխաների հետ անկաշկանդ-մտերմիկ հարաբերություններից խուսափելը և նրանց հետ հաղորդակցվելիս կեցվածք ընդունելը՝ հուսալով այդ կերպ նրանց պահել վախի ու հնազանդության մեջ: Բայց իրականում դա հայրերին զավակների աչքում ձանձրալի կամ, որ առավել վատթարն է, ծիծաղելի դարձնող անիմաստ կատակերգություն է. չէ՞ որ երեխաները ջահել են , կորովի, և ծովը, հետևաբար, նրանց ծնկներից է, դրա համար էլ նրանց համար ծիծաղելի են բանջարանոցի խրտվիլակ հիշեցնող անկար ու զառամ ալևորի ծամածռությունները: Եթե խոսքն ինձ վերաբերեր, ես կգերադասեի ինձ սիրեին, քան ինձանից վախենային:

Ծերությունը կապված է շատ թուլությունների հետ, այն այնքան անօգ է, որ հեշտությամբ կարող է արհամարանք հարուցել. ուստի լավագույնը, որ այն կարող է անել՝ սերն ու կապվածությունն է մերձավորներին: Հրամայելն ու վախ ներշնչելը նրա զենքը չէ…

Մենք մեր երեխաներին սիրում ենք այն պարզ պատճառով, որ նրանք մեզնից են սերվել, և նրանց մեր երկրորդ «ես»-ն ենք անվանում: Այնինչ գոյություն ունի մեկ այլ ստեղծագործություն՝ ամբողջությամբ մեզնից սկիզբ առնող և ոչ պակաս արժեքավոր. քանզի այն, ինչ մեր հոգուց է ծնված, այն, ինչ մեր մտքի ու հոգեկան կարողությունների պտուղն է՝ աշխարհ է եկել շնորհիվ ավելի ազնիվ օրգանների, քան բազմացման մեր օրգաններն են. այդ արարումները ավելի են մերը, քան երեխաները. այդ արարումների համար մենք և′ մայր ենք, և′ հայր, նրանք մեզ ավելի դժվարությամբ են տրվում և ավելի պատիվ են բերում մեզ՝ եթե նրանցում որևիցէ լավ բան կա: Չէ՞ որ մեր զավակների արժանիքները մեծ մասամբ նրանց արժանիքներն են, քան մերը, և մեր մասնակցությունը նրանցում պակաս նշանակալի է, մինչդեռ մեր հոգևոր ստեղծագործություների ամբողջ արժանավորությունը, գեղեցկությունը, շուքն ու փայլը լիովին մեզ են պատկանում: Այդ իսկ պատճառով նրանք ավելի պարզ ու պայծառ են ներկայացնում ու արտացոլում մեզ, քան մեր մարմնավոր վաստակները…»:
Շարունակությունը կարդացեք այստեղ...

Circle.Am

Aug. 1st, 2011

Ես ատում եմ երկուշաբթին: Դուք է՞լ: Ուրեմն սա նաև Ձեզ է վերաբերում

Այսօր երկուշաբթի է: Ապացուցված է, որ այն ամենից սթրեսային օրն է շաբաթվա օրերի մեջ: Մարդիկ սովորաբար ամենից ավելի հոռետեսաբար տրամադրված են հենց երկուշաբթի: Ես դա գիտեմ, ինքս դա զգում եմ:

Մի խոստովանություն անեմ: Ես երկուշաբթի չեմ երազում, չեմ կարողանում երազել: Հասկանու՞մ եք: Հույսը, ինքս իմ նկատմամբ հավատը ավելի քան երբևէ լքում են ինձ այդ գրողի տարած օրը:

Ես ատում ու վախենում եմ երկուշաբթիներից:

Բայց ոչ շատ հեռու անցյալում մի հայտնագործություն եմ արել: Պարզվում է երկուշաբթի օրվա խնդիրը իր արմատն ունի և այդ արմատը… կիրակին է: Բացատրեմ.

Ով ակտիվ սպորտաձևերով լուրջ զբաղվել է, գիտի՝ նույնիսկ ամենաերկար մարզումներից հետո չի կարելի նստած կամ պառկած հանգստանալ: Դա խստիվ արգելվում է: Հանգստանալ պետք է ակտիվ ձևով՝ քայլելով ու շնչառությունը կարգավորելով կամ կամաց վազելով: Դա այդպես էլ կոչվում է՝ ակտիվ հանգիստ: Սա աքսիոմա է, այսպես է միայն օրգանիզմը առանց ինքն իրեն վնասելու վերականգնվում:

Այսպես ուրեմն, կիրակի օրերը նվիրելով միայն քնելուն, ուտելուն-խմելուն, անհոգ ման գալուն, զվարճանքներին ու վայելքներին, մենք մեր օրգանիզմին պասսիվ հանգստի ենք պարտադրում, մեր ուղեղին գցում թմբիրի մեջ, փախչում մեզ շրջապատող իրականությունից:

Եվ գիշերը ժամը 2-ին այդպիսի թմրած ուղեղով վայելքների, խմիչքների ազդեցության տակ քնելով, առավոտ 8-ին վեր կենալուց ընկնում ենք դեպրեսիայի ճիրանների մեջ: Օրգանիզմը չի կարողանում իսկույն վերակազմակերպվել, մտքերը ցաք ու ցրիվ են և չեն ուզում իրար կողք ընկնել, և ամենակարևորը՝ չկա ոչ մի մոտիվացիա անկողնուց վեր կենալու, չկա մոտիվացիա աշխատելու, չարչարվելու ու պայքարելու: Այդ ամենը կոնծված գինու մեծ ծավալների և քնքուշ վայելքների հետ ցնդել-անհետացել են:

Հարցրեք հոգեբաններին՝ սուիցիդի շատ դեպքեր պայմանավորված են այս հոգեվիճակով ու դա զարմանալի չէ:

Դժվարը սա հասկանալն էր: Երբ հիվանդությունն ախտորոշված է, դրա դեմ պայքարելու դեղատոմսեր կգտնվեն: Ինքս ինձ համար այդ դեղատոմսը գտել եմ:
Շարունակությունը կարդացեք այստեղ...

Circle.Am

Jul. 26th, 2011

Միլիարդ դոլարանոց գաղափարը... ընկած էր ճամփեզրին

Ինձ համար գերհաջողակ բիզնես ստեղծելու այս պատմությունը ոչ միայն և ոչ այնքան ուսանելի է, որքան հուսադրող, կամ ինչպես ներկայումս ընդունված է ասել՝ մոտիվացնող: Այն թույլ է տալիս մտածել, որ ինձ մոտ ամեն-ինչ կստացվի:

Չեմ կարող ինձ զսպել ու չավելացնել. ամեն-ինչ կստացվի նաև Ձեզ մոտ, բարեկամներ: Անպայմա′ն:

Ո՞վ է այս հոդվածի հերոսը, ո՞վ է ստեղծել բազմամիլիարդանոց բիզնես: Սուպեր-պուպեր մի գործարա՞ր: Ո՛չ: Նա ծնվել է օլիգարխի ընտանիքո՞ւմ: Ո՛չ: Նա Քեմբրի՞ջ կամ Օքսֆո՞րդ է ավարտել: Եվս մեկ անգամ՝ ոչ:

Նա պարզապես համառ էր իր ձգտումներում և խելացի՝ կարիքներում: Նա ոչ գռփում էր, ոչ հափշտակում, նույնսիկ պետության բյուջեի գրպանը չէր մտնում (այստեղ երևի թերահավատ քմծիծաղում եք հա՞)): Հապա ինչու՞մն է բանը, ինչո՞վ է նա տարբերվում բազմամիլիոնանոց ամբոխից:

Ուղղակի նա համառորեն աշխատում էր, աշխատում ձիու պես:

Եվ նա կարողացավ...

35 տարի առաջ, լինելով շատ երիտասարդ, Ժան Կլոդ Դեկոն ապրուստի միջոց էր վաստակում Փարիզի շենքերի պատերին հայտարարություններ կպցնելով: Նրա համեստ վաստակին հանկարծակի վերջ տրվեց, երբ տեղական իշխանություններն այդ զբաղմունքն անօրինական համարեցին:

Այդժամ Դեկոն, որի առաջ անգործ թափառաշրջիկ դառնալու ոչ այնքան հաճելի հեռանկարն էր սավառնում, ստիպված էր գլխին զոռ տալ: Եվ դա արդյունք տվեց: Նրա գլխում մի գաղափար ծագեց. գաղափար, որ կթույլատրեր նրան շարունակել հայտարարություններ կպցնել, բայց դա այնպես անել, որ միաժամանակ ներդրում ունենար կյանքի որակի եւ քաղաքի բարեկարգման գործում:

Ոգեշնչումը Դեկոյին այցելեց մի անձրևոտ օր, երբ նա անգործ ու տխուր քաղաքով քայլելիս տեսավ ավտոբուսի սպասող մինչև ոսկորները թրջված մարդկանց: «Ինչո՞ւ անվճար չկառուցել ավտոբուսի կանգառներ ՝ դրանց վրա գովազդներ տեղադրելու իրավունքի փոխարեն»,- մտածեց Դեկոն:

Նա այդ առաջարկությամբ դիմեց Լիոնի քաղաքապետին և ստացավ գործելու իրավունք: Այդ անձրևոտ օրը կարելի է համարել փողոցային սարքավորումների տեղադրման գծով աշխարհում ամենախոշոր ընկերության հիմնադրման օր: 1999թ. նրա եկամուտը կազմում էր 1,4 միլիարդ դոլար. հիմնականում դա գովազդից ստացված եկամուտ էր:
Շարունակությունը կարդացեք այստեղ...

Circle.Am

Jul. 19th, 2011

Ջոան Ռոուլինգ` աշխարհի ամենահարուստ գրողը

Ջոան Ռոուլինգի մասին այնքան է գրված և պատմված, որ հազիվ թե մենք կարողանանք ինչ-որ նոր բան ավելացնել ոչ միայն «Հարրի Փոթերի» երկրպագուների, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր երբեք չեն կարդացել փոքրիկ կախարդի մասին գրքերը (չնայած ընթացքում նա վեր է ածվում երիտասարդ մի պատանու): Բայց ես համառոտ կանդրադառնամ նրա կենսագրությանը, որը սկիզբ է առել 1965թ. հուլիսի 31-ին Մեծ Բրիտանիայի Գլոստերշիր կոմսության Յեյթ քաղաքում:

Ամենահարուստ գրողի իսկական անունը Ջոան «Ջո» Մյուրեյ է (մինչև ամուսնությունը Ռոուլինգ), և նրա ողջ կյանքը, փաստորեն, փորձությունների բացառիկ մի շարք է, որ սկսվել է դեռևս դպրոցում: Ռոուլինգի խոսքերով` ինքն ատում էր դպրոցը, քանի որ համադասարանցիներն իրեն չէին սիրում:

Դրան գումարվեց և մոր հիվանդությունը, որն ի վերջո հանգեցրեց կաթվածի: Հենց այն պատճառով, որ Ջոան Ռոուլինգը դարձավ իր մոր դայակը, նա Օքսֆորդի ուսանողուհին չդարձավ` չնայած հանձնել էր ընդունելության քննությունները: Ավելի ուշ նա ընդունվում է Էքստերի համալսարան, որն էլ ավարտում է «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ:

1990թ. մահանում է Ռոուլինգի մայրը: Մոր մահը այնքան է ազդում ապագա գրողի վրա, որ նա թողնում է Անգլիան և մի քանի տարով մեկնում Պորտուգալիա: Այստեղ նա աշխատում է որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի և իր ողջ ազատ ժամանակը նվիրում վեպեր գրելուն: Սակայն երկու գործն էլ Ջոան Ռոուլինգը թողնում է՝ համարելով դրանք անիմաստ:

1992թ. նա ամուսնանում է ուսանող Խորխե Արանտեսի հետ, սակայն ամուսնալուծվում արդեն իսկ մեկ տարուց: Այդ ամուսնությունից ծնվեց դուստր Ջեսիկան (1993թ.), որի հետ էլ նա վերադառնում է Մեծ Բրիտանիա, իսկ ավելի կոնկրետ Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքը, որտեղ ապրում է Ջոանի քույր Դին: Հենց այստեղ, սրճարանում, որը պատկանում էր քրոջ ամուսնուն, Ջոան Ռոուլինգը սկսում է գրել Հարրի Փոթերի մասին վեպը:

Առաջին գիրքը գրելու վրա Ջոան Ռոուլինգը ծախսեց գրեթե երկուս ու կես տարի: Ամենահետաքրքիրն այն է, որ սկզբում նրա վեպը մերժեցին ավելի քան 20 հրատարակչություններ և բոլոր այն գրական ագենտները, որոնց հեռախոսահամարները նա կարողացել էր գտնել: Այդ իսկ պատճառով նա իսկական հաջողություն համարեց, երբ «Բլումսբերի» հրատարակչությունը ձեռք բերեց իր առաջին «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի նկատմամբ իրավունքը 4000 ԱՄՆ դոլարով:
Շարունակությունը կարդացեք այստեղ...

Circle.Am

Previous 10